Զելենսկին հայտարարել է բանակում բարեփոխումների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի ասել է, որ երկիրը բանակի բարեփոխում է նախապատրաստում, որը չի բացառում զորակոչի մոտեցման փոփոխությունը, օրինակ՝ Իսրայելում ընդունված համակարգի համաձայն։
Հարցին երիտասարդների զորակոչ կազմակերպելու մասին Իսրայելի օրինակով, երբ ծառայության պիտանի քաղաքացին սկզբում միանում է բանակին, ապա ստանում բարձրագույն կրթություն, Զելենսկին պատասխանել է, որ նման մոդել է դիտարկվում։
«Սա այն մոդելներից է, որը դիտարկվում է անվտանգության բարեփոխման մեջ, որը մենք պատրաստում ենք Ուկրաինայի Զինված ուժերի և ՆԳՆ-ի հիման վրա: Նման մոդել կա, ես վստահ չեմ, թե կոնկրետ ինչպիսի մոդել կլինի, բայց մենք անպայման կդիտարկենք այս մոդելը, կքննարկենք հանրության հետ»,- ասել է Զելենսկին իսրայելցի ուսանողների հետ տեսահոլովակի միջոցով զրուցելիս։։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ համալրման համակարգը և զինվորականների նվազագույն թվի հաշվարկն «այլևս նախկինի նման չեն լինի»։
«Մոտեցումը փոխվելու է նաև ուսանողների համար»,- ընդգծել է նախագահը։
Միաժամանակ, Զելենսկին չի հստակեցրել՝ արդյոք փոփոխությունները «իսրայելական մոդելի համաձայն» ենթադրում են կանանց զորակոչում։