Տագնապային-խուճապային գրոհներ. ախտանշանները, բուժումը
«Aysor.am»-ը գրում է.
«Տագնապը և հարակից բոլոր դրսևորումները՝ սուր անհանգստություն, տագնապային գրոհ, խուճապային գրոհ, նյարդային համակարգի պաշտպանական մեխանիզմների դրսևորումներ են։
Խուճապային գրոհը հիմնականում արտահայտվում է նոպաների տեսքով՝ առաջացնելով անհանգստություն, վախեր, ֆիզիկական թուլություն։
Տագնապային գրոհը որոշակի սկիզբ և ավարտ ունեցող վիճակ է, բնորոշ են ոչ միայն հուզական, այլ նաև սոմատիկ ռեակցիաները՝ հաճախասրտություն, սրտխփոցի զգացում, տաք ալիքի կամ ջերմության զգացում, գլխապտույտ, կրծքավանդակում սեղմվածության զգացում, անպայման փրկվելու համար որևէ բան անելու զգացում։
Գրոհը կարող է լինել առանց տեսանելի, գիտակցված պատճառի, և նաև լինում է, երբ ակնկալվում է գրոհ՝ հատկապես երբ եղել է նախադեպ։ Որպես հետևանք առաջանում է խուսափողականություն՝ նմանատիպ իրավիճակներից, վայրերից, այս կամ այն գործողությունն անելուց խուսափելու ցանկություն։
Պատճառները՝
Այն իրավիճակները, ազդակները, որոնք ուղեղը գնահատում է վտանգավոր, դառնում են պատճառ տագնապային գրոհի։ Վտանգի գնահատման հետ մեկտեղ ուղեղը կարող է որոշել, որ չկա բավարար ռեսուրս՝ վտանգին բավարար արձագանքելու համար։
Տագնապային, խուճապային գրոհները սեպարացված երևույթներ չեն, եթե հատկապես կրկնվող բնույթ ունեն, ապա հետևանք, արտահայտություն են որևէ խանգարման, հետևաբար բուժման համար համալիր մոտեցում է պետք։
Ախտորոշումը՝
Հոգեբանական գնահատում՝ հոգեախտորոշում՝ հոգեբանի կամ հոգեբույժի միջամտությամբ
Տագնապային գրոհները մեծամասմաբ որևէ օրգանական խնդրի չեն վերածվում։ Գրոհի դեպքում օգտակար է սառը ջրով լվացվելը, օդափոխելը, շնչառական վարժություններ անելը, ուշադրությունը շեղելը։
Բուժումը՝
Հոգեթերապիան, կոգնիտիվ վարքաբանական թերապիան ենթադրում են հստակ մեթոդներ, տեխնիկա, իրավիճակին, անձին, կարիքներին համապատասխան ռազմավարություն։ Թերապիաները երբեմն ուղեկցվում են նաև դեղորայքային բուժմամբ։
Տագնապային գրոհներին նպաստում են նաև անձնային առանձնահատկությունները, հատկանիշներ, որ ոչ բարենպաստ ազդակների դեպքում կարող են պարարտ հող դառնալ տագնապային գրոհների առաջացման համար։ Տագնապային գրոհների առաջացմանը, զարգացմանը նպաստում է նաև դժվարություններից, խնդիրներից խուսափելը։ Հետևաբար պատրաստակամությունը այդ խնդիրներին առերեսվելու կարող են կանխել անհանգստությունները, գրոհները»։