Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են նախատեսվածից մեկ ամիս շուտ կայանալ
2023 թվականի հունիսին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրությունները կարող են նախատեսվածից մեկ ամիս շուտ կայանալ։ Այդ մասին, ըստ TASS գործակալության, հայտնել է թուրքական TRGT հեռուստաընկերությունը՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իր աղբյուրներին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Էրդողանի գլխավորած կուսակցությունում առաջարկում են ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես նախատեսվում է գործող օրենսդրությամբ, այլ մայիսի 14-ին։ Նման մտադրությունը պայմանավորված է նրանով, որ ընտրությունների երկրորդ փուլի պարագայում այն կանցկացվի հուլիս ամսին։ Եթե ընտրությունները կայանան հունիսին, մասնակիցների թիվը կարող է քիչ լինել, քանի որ սովորաբար այդ ժամանակաշրջանում մարդիկ մեկնում են արձակուրդ։ Մյուս կողմից, ինչպես նշում է TGRT-ն, նախատեսվող ընտրությունների անցկացման ժամկետները համընկնում են բուհական քննությունների հետ, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել մասնակցության ցուցանիշների և ընտրությունների ելքի վրա։
Էրդողանի կուսակցությունից դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել ընտրությունների ժամկետների հնարավոր փոփոխության լուրը։ Թուրքիայի գործող նախագահը և նրա կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընտրությունները կկայանան 2023 թվականի հունիսի 18-ին։
Ավելի վաղ, իշխող «Ժողովրդական դաշինք» կոալիցիան, որի կազմում են Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ու աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցությունը, Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել էին նախագահի պաշտոնում։ Թուրքիայի առաջնորդը բազմիցս կոչ էր արել ընդդիմությանը հայտարարել իրենց թեկնածուի անունը, սակայն ընդդիմադիրները նշում են, որ դա կանեն, երբ անհրաժեշտ համարեն։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ դա կարող է լինել Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նախագահական պաշտոնին կարող են հավակնել նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որոնք, համաձայն սոցիոլոգիական տարբեր հարցումների, Էրդողանից բարձր հեղինակություն ունեն։ Վերջիններս, սակայն, հայտարարում են, որ մտադիր չեն մասնակցել նախագահական մրցավազքին։
Թուրքիայում նախագահական վերջին ընտրությունները կայացել էին 2018 թվականի հունիսի 24-ին, որտեղ Էրդողանը ստացել էր ձայների 52,5 %-ը։