Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքի մասնաբաժինը մինչեւ 2028 թվականը կարող է հասնել 33 տոկոսի
Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքի մասնաբաժինը մինչեւ 2028 թվականը կարող է հասնել 33 տոկոսի եւ 54 տոկոսի մինչեւ 2035 թվականը, քանի որ պահանջարկը մեծանում է մեծ շուկաներում, չորեքշաբթի հայտարարել է AlixPartners խորհրդատվական ընկերությունը, գրում է Reuters-ը:
Անցյալ տարի էլեկտրական մեքենաները կազմել են համաշխարհային վաճառքի 8 տոկոսից պակաս, իսկ 2022-ի առաջին եռամսյակում՝ 10 տոկոսից քիչ:
Այս պահանջարկին աջակցելու համար ավտոարտադրողները եւ մատակարարներն այժմ ակնկալում են առնվազն 526 միլիարդ դոլար ներդնել էլեկտրական մեքենաների եւ մարտկոցների մեջ 2022-2026 թվականներին։
Արդյունաբերությունը դեռեւս բախվում է տնտեսական եւ մատակարարման շղթայի մարտահրավերներին՝ այրման շարժիչով մեքենաներից էլեկտրական մեքենաների անցնելու հարցում, ասում է Մարկ Ուեյքֆիլդը՝ ֆիրմայի ավտոմոբիլային պրակտիկայի համաղեկավարը:
Նա հավելել է, որ նման անցումը կպահանջի «արմատական փոփոխություններ գործող մոդելներում՝ ոչ միայն գործարանների ու մարդկանց, այլ աշխատանքի ողջ համակարգի»։
AlixPartners-ը կարծում է, որ մատակարարման հետ կապված խնդիրները կպահպանվեն մինչեւ 2024 թվականը եւ ակնկալում է, որ համաշխարհային ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալը այս տարի կնվազի մինչեւ 79 միլիոն միավոր, նախքան 2024-ին կհասնի 95 միլիոնի: