ՔՊ-ում այնպես կանեն, որ դեղին քարտ չստանան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Որպեսզի ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար միջազգային կառույցներից դեղին քարտ չստանան, ՔՊ-ում որոշել են, որ Սահմանադրությամբ ընդդիմությանը հասանելիք պաշտոնները չեն յուրացնի, չեն խախտի Դոնթի բանաձեւը, որով սահմանված է, թե քանի հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ է հասնում իշխանությանը, քանիսը՝ ընդդիմությանը։
Օրերս ՔՊ-ում քննարկել են այդ հարցը եւ որոշել, որ Արմեն Գեւորգյանի եւ Վահե Հակոբյանի՝ հանձնաժողովների նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո նոր նախագահ չեն ընտրի։ 2 հանձնաժողովում էլ փոխնախագահները ՔՊ-ականներ են՝ նրանք կիրականացնեն նախագահի լիազորությունները։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում Արմեն Գեւորգյանի գործառույթները կփոխանցվեն Վաղարշակ Հակոբյանին, Տնտեսական հարցերի հանձնաժողովում Վահե Հակոբյանի գործառույթները՝ Բաբկեն Թունյանին։ ՔՊ-ն փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ կներկայացնի։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, կարծիքները բաժանվել են․ մի մասն ասում է՝ զրկելու հիմքեր չկան, նա հաճախել է ԱԺ, նիստեր վարել, բացի այդ՝ վտանգ չի ներկայացնում իրենց համար։
Մյուս մասը կողմ է, որ պատժեն ժամանակին ՔՊ-ից դասալքության համար։ Եվ մի խնդիր էլ կա․ Թովմասյանի տեղակալն ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է, որը վերջերս հայտնվեց սկանդալային պատմության մեջ՝ կնոջը ծեծի ենթարկելու դեպքով, կստացվի, որ բռնարարը զբաղվելու է մարդու իրավունքներով։ Հիշենք․ երբ Նաիրա Զոհրաբյանին զրկեցին նախագահի պաշտոնից, նոր նախագահ չընտրեցին, ԼՀԿ-ական փոխնախագահ Անի Սամսոնյանը փոխարինեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: