Պատրաստ եմ երկխոսություններին, բայց ընդդիմությունը տարբեր պատճառներով հրաժարվում է․ Վահագն Խաչատուրյան
Պաշտոնական իմ դիրքից ելնելով կատարել եմ մի շարք աշխատանքներ. հրամանագրեր ու օրենքներ ստորագրել, քաղաքացիություն շնորհել, քաղաքացիությունից որոշ մարդկանց զրկել, տարբեր հանդիպումներ, կառավարության, Ազգային ժողովի, ՀԿ-ների հետ աշխատանք և այլն: Այս մասին հունիսի 22-ին, հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ ասաց նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է արել իր պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում:
Խոսելով իր լիազորությունների սահմանափակության մասին նախագահն ասաց. «Նույնիսկ այս սահմանափակ լիազորությունները, որոնք ինձ տրված են, դրանցով կարելի է ազդեցություն ունենալ՝ կախված նրանից, թե ինչպես եք աշխատում Ազգային ժողովի և կառավարության հետ: Պառլամենտական երկրներում իսկապես նախագահական ինստիտուտի կարիք կա, որը հնարավորություն է տալիս իշխանության մյուս օղակներին ավելի հավասարակշռված աշխատել և սահմանադրության կատարմանը հետևել, որպեսզի իշխանազանցություն չլինի:
Ես առանց հիմնավորման որևէ հարցում իշխանության հետ հակադրվելը անիմաստ եմ համարում: Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ աշխատնքային խոսակցություններ եղել են և առաջացած խնդիրները մենք լուծել ենք այդ քննարկումների ընթացքում: Ես կողմնակից եմ այդպիսի աշխատանքին»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ իրենց բոլոր տեսակետներն ու առարկությունները հաշվի են առնվում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս հարյուր օրերի ընթացքում Խաչատուրյանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, նախագահն ասաց, որ բաց է ցանկացած քննարկումների և երկխոսության համար, բայց մի պայման կա:
«Եթե քննարկումը լինում է քաղաքակիրթ ձևով և բառապաշարով, հայերեն, ինչպես նաև հռետորաբանությունը պետք է լինի շատ համապատասխան, որովհետև ես չեմ փորձելու որևէ մեկին դաստիարակել, քանի որ այդ տարիքում չենք: Բացի դա, եթե քաղաքականության մեջ ենք, ուրեմն կան որոշ գրված ու չգրված կանոններ, որոնք բարոյական դաշտում են գտնվում: Ես այսօր էլ եմ ասում, որ պատրաստ եմ այդ երկխոսություններին, բայց ընդդիմությունը առաջին օրից այդ երկխոսությունից տարբեր պատճառներով հրաժարվել էր ու մինչև հիմա էլ նույն իրավիճակն է»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ ինքը պատրաստ է, բայց ընդդիմությունը նման ցանկություն չունի: