Ի՞նչ օգտակար հատկություններով է օժտված թութը
Թթենին շատ տարածված ծառ է, իսկ դրա պտուղներն անչափ համեղ են ու օգտակար: Այս պտուղները կարող են շատ շուտ փչանալ ու վնասվել, ուստի ցանկալի է այն օգտագործել թարմ վիճակում: Ավելի երկար օգտագործելու համար պտուղները կարելի է պահել սառեցրած կամ չորացրած վիճակով:
Թթի 100 գրամում պարունակվում է 0.7 գրամ սպիտակուցներ, 0.4 գրամ ճարպեր, 1.8 գրամ ածխաջրեր, 0.8 գրամ խեժ, 82.6 գրամ ջուր և 50.5 կկալ: Բացի այդ, այն հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով (А, В1-В6, В9, Е, С, К), միկրոտարրերով (մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն) և մակրոտարրերով (կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր):
Թթի օտակար հատկությունները
Թութը հարուստ է կալիումով, որի պակասի դեպքում կարող է առաջանալ հիպոկալիեմիա: Սա է պատճառը, որ օրգանիզմում կալիումի պակասի դեպքում բժիշկները նշանակում են թթի հյութահանուկ:
Բացի այդ, թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտույցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել:
Այն նաև շատ յուրահատուկ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա: Օրինակ՝ չհասած պտուղներն օգնում են բուժել փորլուծությունը, հասած պտուղներն ունենում են հակառակ ազդեցությունը՝ դրանք փորլուծություն են առաջացնում, ուստի օգտագործվում են փորկապության ժամանակ:
Թութը կիրառվում է ե՛ւ թարմ, ե՛ւ պահածոյացված վիճակում։ Նրանից պատրաստված եփուկը՝ դոշաբը, հրաշալի դեղամիջոց է եւ կիրառվում է շնչառական հիվանդությունների ժամանակ։ Իսկ թթից պատրաստված մուրաբան եւ չիրը անփոխարինելի սնունդ են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։