Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այց է կատարելու Անկարա։ Նրան նախ ընդունելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որից հետո հանդիպում է կայանալու երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Հիմնական օրակարգում, սակայն, լինելու է տնտեսությունը։ Երկու երկրների միջև ստորագրվելու են տարբեր պայմանագրեր։
Էրդողանն ու Սալմանը հանդիպման ընթացքում անդրադառնալու են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։
Թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի այցի կապակցությամբ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունն անդրադարձել է Անկարա-Էր Ռիադ հարաբերություններին։
Դրանում ուշադրություն է հարվիրվել այն հանգամանքին, որ չնայած երկու երկրների միջև 2017-2021թթ․ Կատարի ճգնաժամի և 2018թ․Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության հետ կապված լարվածության առաջացմանը՝ երկկողմ դիվանագիտական հարաբերություննեը չեն ընդհատվել։ Ավելին՝ Անկարա-Էր Ռիադ հարաբերությունները զարգացել են առևտրատնտեսական և ռազմական ոլորտում։
Այսպես, Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալների համաձայն՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2019թ․ կազմել է 5․107 միլիարդ դոլար, իսկ Սաուդյան Արաբիայից Թուրքիա է ժամանել 564 816 զբոսաշրջիկ։
Երկու երկրների միջև անցկացվել է թվով 4 զորավարժություն, բացի այդ թուրքական ռազմարդյունաբերության խոշորագույն ընկերություններից «ASELSAN»-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել սաուդական ընկերությունների հետ։