Ի՞նչ պետք է իմանալ մարզակոշիկ գնելուց առաջ
«Aysor.am»-ը գրում է․
«Մարզակոշիկները շատ կարևոր ատրիբուտ են՝ սպորտային հանդերձանքի թերևս ամենակարևոր բաղադրիչը, որի վրա չարժե խնայել։ Ուրեմն որտեղի՞ց գնել որակյալ մարզակոշիկներ։
Սպորտով զբաղվելու համար նախատեսված կոշիկները չպետք է գնել ո՛չ ինտերնետ-խանութից, ո՛չ էլ շուկայից. դրանք պետք է գնել միայն սպորտային խանութից, քանի որ սպորտային խանութում վաճառվող մարզակոշիկները բրենդային են, և վաճառող-խորհրդատուն ձեզ կօգնի ճիշտ ընտրություն կատարել։
Բացի այդ՝ սպորտային խանութից կոշիկ գնելիս կարող եք տեղում փորձել այն և «մինի թեստ-դրայվ» անել՝ դուր չգալու դեպքում փոխելով կամ վերադարձնելով ապրանքը։
Երբ գնել սպորտային կոշիկները
Ինչպես սովորական, այնպես էլ սպորտային կոշիկները պետք է գնել երեկոյան։ Օրվա այդ պահին հոգնած ոտնաթաթերը ամենամեծ չափի են։
Ճիշտ կլինի, եթե ձեր ընտրությունը կանգ առնի հայտնի ընկերության արտադրանքի վրա։ Այդ դեպքում դուք կշահեք բրենդային որակ, կոշիկները երկար կծառայեն, մարզումների ժամանակ ֆիզիկական հարմարավետություն կզգաք, կբարձրանա ձեր ինքնագնահատականը»։