ԵՄ բոլոր պետությունները կողմ են Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալուն
Եվրամիության բոլոր 27 երկրները պաշտպանում են Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Ուկրաինային եւ Մոլդովային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար տալու մասին։ Հունիսի 20-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների եւ հունիսի 21-ին ԵՄ խորհրդի նիստում այս հարցի շուրջ քննարկումների ընթացքում երկրներից ոչ մեկը դեմ չի եղել կամ որեւէ մեկնաբանություն չի արել, հունիսի 22-ին DW-ին հայտնել են եվրոպական մի շարք երկրների դիվանագետներ։
Բոլոր զրուցակիցներն ակնկալում են, որ հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում ԵՄ երկրների եւ կառավարությունների ղեկավարները կհամաձայնեցնեն Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր 27 երկրների ղեկավարների միաձայն աջակցությունը։ Դրական որոշման մասին է վկայում նաեւ բրյուսելյան գագաթաժողովի մասնակիցների հայտարարության վերջին նախագիծը, որին ծանոթացել է DW-ի թղթակիցը։ Դրանում ասվում է. «Եվրոպական խորհուրդը որոշել է թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Ուկրաինային եւ Մոլդովայի Հանրապետությանը»։ Գագաթաժողովը ակնկալում է նաեւ, որ Եվրահանձնաժողովը զեկույց կներկայացնի Ուկրաինայի եւ Մոլդովայի դիմումների վերաբերյալ իր եզրակացություններում սահմանված պայմանների կատարման մասին։ «Եվրամիության խորհուրդը որոշում կկայացնի հետագա քայլերի մասին, հենց որ այդ բոլոր պայմանները կատարվեն»,- նշվում է նախագծում։
ԵՄ-ն Ուկրաինայից բարեփոխումներ է ակնկալում թեկնածուի կարգավիճակ տալուց հետո
Որոշ պետությունների, մասնավորապես Նիդեռլանդների եւ Գերմանիայի համար շատ կարեւոր էր, որ ԵՄ հանձնաժողովը առաջարկեր յոթ պայման, որոնք Կիեւը պետք է կատարեր թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո։ «Կարծում եմ՝ Եվրահանձնաժողովը լավ փոխզիջում է գտել։ Տնային շատ առաջադրանք կա կատարելու տնտեսության, ինչպես նաեւ օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում․․․ Բայց Նիդեռլանդները որոշեց լիակատար վստահությամբ հետեւել Եվրահանձնաժողովի առաջարկությանը»,- ասել է այս երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն։
DW-ի որոշ զրուցակիցներ կարծում են, որ գագաթաժողովում նախագահներն ու վարչապետները կկարողանան ավելի մանրամասն քննարկել թեկնածուի կարգավիճակի պայմանները։ Հետեւաբար, բացառված չէ, որ բարեփոխումների ոլորտում Կիեւի «տնային առաջադրանքները» մի փոքր այլ տեսք ունենան, քան դրանք ձեւակերպված են Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ։ Սակայն մանրամասները վերջնականապես կհամաձայնեցնի ԵՄ խորհուրդը, որը պետք է պաշտոնապես հաստատի թեկնածուի կարգավիճակը։
Արեւմտյան Բալկանների եվրաինտեգրում
Մյուս պետությունների համար կարեւոր է, որ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի եվրոպական հեռանկարը դիտարկելիս չմոռանան Արեւմտյան Բալկանների մասին։ Այժմ խոսքն առաջին հերթին այն մասին է, որ Բուլղարիայի կողմից հանվի ԵՄ-ին Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի արգելափակումը։ Դրա համար հունիսի 23-ի առավոտյան նրանք նախատեսում են առանձին ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթաժողով անցկացնել։
Մասնավորապես Ավստրիան պնդում է Արեւմտյան Բալկանների եվրոպական ինտեգրման հարցում առաջընթացի անհրաժեշտությունը։ Սակայն Վիեննան, ըստ DW-ի, մտադիր չէ արգելափակել Ուկրաինայի կամ Մոլդովայի թեկնածուի կարգավիճակը, եթե Արեւմտյան Բալկաններում առաջընթաց չլինի։