Տեխասում կքանդվի այն դպրոցը, որտեղ հրաձգության զոհ է դարձել ավելի քան 20 մարդ
Ամերիկյան Յուվալդ քաղաքի (Տեխասի նահանգ) իշխանությունները որոշել են քանդել այն դպրոցը, որտեղ այս տարվա մայիսին հրաձգության հետեւանքով 19 երեխա եւ 2 ուսուցիչ զոհվեց։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Fox հեռուստաընկերության տարածաշրջանային մասնաճյուղի լրագրող Էլեն Մաքնամարան՝ հղում կատարելով քաղաքապետ Դոն Մաքլաֆլինին։
«Յուվալդի քաղաքապետը հայտարարել է, որ «Ռոբ» տարրական դպրոցը կքանդվի»,- գրել է նա իր Թվիթերում։ Դպրոցը քանդելու ժամկետի մասին չի նշվում։
Մինչ այդ CBS հեռուստաընկերության տեղի մասնաճյուղը տեղեկացրել էր, որ տեղի շատ բնակիչներ եւ իշխանության ներկայացուցիչներ կողմ են, որ դպրոցը քանդվի, քանի որ աշակերտները եւ նրանց ծնողներն այլեւս չեն ցանկանում վերադառնալ այնտեղ։
Սան Անտոնիո քաղաքից ոչ հեռու գտնվող Յուվալդի տարրական դպրոցում հրաձգությունը տեղի էր ունեցել մայիսի 24-ին։ Հրձիգը տեղի բնակիչ, 18-ամյա Սալվադոր Ռամոսն էր, որը մենակ էր գործել։ Նա սպանվել է ոստիկանների կողմից դեպքի վայրում։