Լիտվան կարող է փակել Կալինինգրադի մարզի գազամատակարարումը
Կալինինգրադի մարզում տարանցման սահմանափակումներից հետո Լիտվան կարող է փորձել փակել մարզի գազամատակարարումը, գրել է խորվաթ լրագրող Անտուն Ռոշան Advance-ի հոդվածում՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հոդվածի հեղինակը նշել է, որ Վիլնյուսը կարող է օգտվել այն բանից, որ «Մինսկ-Վիլնյուս-Կաունաս-Կալինինգրադ» խողովակաշարն անցնում է լիտվական տարածքով։
«Բացի այդ, գազը Կալինինգրադ գալիս է նաեւ Լիտվայով անցնող գազատարներով։ Որոշ աղբյուրների կարծիքով՝ շուտով նաեւ կդադարեցվեն գազամատակարարումները»,- գրել է Ռոշան։
Նա նշել է, որ Լիտվան կարող է տեղի ունեցողը ներկայացնել որպես ԵՄ պատժամիջոցների կատարում, բայց Մոսկվան դա կարող է գնահատել որպես Վիլնյուսի հակառուսական քայլ։
«Արդյո՞ք ՆԱՏՕ-ին անդամակցությունը Լիտվային բավականաչափ վստահություն հաղորդում է, թե՞ նա, չնայած անդամակցությանը, կրակի հետ է խաղում»,- նշել է լրագրողը։