Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը
ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան՝ Արթուր Դավթյանը (հենցատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
«Մեր տղաները մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին (վերջին աշխարհի գավաթը կայացավ Բաքվում, որտեղ էլ պարզ դարձան բացարձակ հաղթողները) կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք՝ Արթուր Դավթյանը հենացատկում վաստակել է 90 միավոր և նվաճել այդ մրցաձևի գավաթը: Նա ամբողջ 10 միավոր հետ է թողել իր մոտակա հետապնդող ուկրաինացի մարզիկին: Վահագն Դավթյանն էլ 85 միավորով է լավագույնը ճանաչվել օղակների վրա վարժությունում՝ 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղում հայտնված թուրք մարզիկին: