Պանամայի նախագահին արյան հազվադեպ հիվանդություն են ախտորոշել
Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիզոն հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է արյան հազվագյուտ հիվանդություն, որը հայտնի է որպես միելոդիսպլաստիկ համախտանիշ, հաղորդում է Reuters-ը:
Ամերիկյան ուռուցքաբանական միության տվյալներով՝ միելոդիսպլաստիկ համախտանիշը համարվում է քաղցկեղի մի տեսակ, որն ազդում է ոսկրածուծում առողջ արյան բջիջներ արտադրելու օրգանիզմի ունակության վրա:
Պանամայի նախագահի հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ իր համար կանխատեսումը «միջին աստիճանի ռիսկային է», որ ինքը «առողջ է, լավ տրամադրություն ունի» եւ կշարունակի կատարել իր ամենօրյա պարտականությունները որպես նախագահ։
Նրա խոսքով՝ ախտորոշումը կատարվել է հունիսի 16-ին այն բանից հետո, երբ մայիսին արյան սովորական անալիզը ցույց է տվել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների նվազում, որից հետո բժիշկները խորհուրդ են տվել ոսկրածուծի բիոպսիա կատարել:
Նրա խոսքով, մասնագետների երկրորդ կարծիքն ինքը կստանա ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։
Չնայած ախտորոշմանը, 69-ամյա նախագահն ասել է, որ բժիշկները իր վիճակը «գերազանց» են գնահատել։
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ միելոդիսպլաստիկ համախտանիշի բուժումը կարող է տատանվել արյան փոխներարկումից մինչեւ քիմիաթերապիա կամ ցողունային բջիջների փոխպատվաստում: Կորտիզոն չի հստակեցրել, թե ստանալու է արդյոք ինքը բուժում։