Ոստիկանական զորքերը լիարժեք կատարել են օրինականության ապահովման իրենց գործառույթները երկրի ներսում. ՀՀ ոստիկանապետ
ՀՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի 30-ամյա հոբելյանի առթիվ:
Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Ոստիկանության զորքերին՝ կազմավորման 30-ամյակի առթիվ:
Ոստիկանության զորքերը ստեղծվեց 1992 թվականին, երբ թշնամին ոտնձգել էր մեր Հայրենիքի սահմաններին, իսկ երկրի ներսում, օգտվելով խառնակ իրավիճակից, գլուխ էին բարձրացրել հանցավոր տարրերը՝ սպառնալով հանրային անդորրին և քաղաքացիների անվտանգությանը:
Զորքերը, ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, նորաստեղծ բանակի հետ կողք կողքի, առավելագույնն արեցին մեր սահմանների պաշտպանության համար՝ զուգահեռաբար լիարժեք կատարելով օրինականության և հասարակական կարգի ապահովման իրենց գործառույթները երկրի ներսում:
Պատվով ու նվիրումով կատարելով ծառայողական պարտքը՝ Ոստիկանության զորքերը, ցավոք, նաև թանկ ու անդառնալի կորուստներ ունեցավ:
Փա՛ռք և խորին խոնարհում մեր հավերժացած զինակիցների պայծառ հիշատակին:
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր այսօր շարունակում են Զորքերի 30-ամյա ավանդույթներն ու սրբազան գործը:
Հոբելյանական տարեդարձի առթիվ կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին, զինծառայողների ընտանիքներին, վետերաններին:
Շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին, որոնք մասնակցություն ու ներդրում են ունեցել Ոստիկանության զորքերի կայացման դժվար ու հերոսական ընթացքին:
Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս, իսկ Ոստիկանության զորքերին մաղթում պրոֆեսիոնալ հմտությունների մշտական կատարելագործում ու նվիրյալ վճռականություն՝ մեր երկրի և հասարակության անդորրի ու անվտանգության պահպանման գործում:
Անփորձանք ծառայություն ձեզ: