Ուկրաինայում պատերազմի հետևանքները շատ վտանգավոր են, սովի մեծ վտանգ կա»․ Բորել
Ուկրաինայում պատերազմի հետևանքները շատ վտանգավոր են ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ աշխարհի համար: Դա սովի ամենամեծ վտանգն է, հատկապես Աֆրիկայում,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:
Ջոզեֆ Բորելի խոսքերով՝ այս պատերազմը հանգեցնում է գների աճի, ինչպես նաև էներգառեսուրսների և պարենի պակասի։
«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի ջանքերին՝ ապաշրջափակելու ուկրաինական արտահանումը։ Ուզում եմ ընդգծել, որ եվրոպական պատժամիջոցները չեն ստեղծում այս ճգնաժամը։ Մեր պատժամիջոցների թիրախը սնունդն ու պարարտանյութերը չեն։ Խնդիրը կապված է Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի շրջափակման հետ։
Միլիոնավոր տոննա ցորենը արգելափակված է։ Սա իսկական պատերազմական հանցագործություն է։ Չեմ պատկերացնում, որ դա երկար կտևի։ Հակառակ դեպքում, դա կլինի մի բան, որի համար Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Բորելը։