Սատանեական սիմվոլիզմ է, որ ԱԺ ընտրությունների միամյակը «նշվեց» Ապարանում քպական բանդայի արյունոտ կիրակիով. Աշոտյան
Այսօր լրացավ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունների առաջին տարելիցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նաեւ նշել է. «Ընտրություններ, որոնք ոչ միայն չլուծեցին Հայաստանի և Արցախի առջև կանգնած որևէ խնդիր, այլև առիթ դարձան բոլոր ուղղություններով նոր ձախողումների, կորուստների, նահանջների. անվտանգություն, Արցախի հարց, ինքնիշխանություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, տարածքային զիջումներ և մարդկային զոհեր:
Ինչպես ասել էի ժամանակին, այդ ընտրությունները ոչ թե հանգուցալուծեցին քաղաքական ճգնաժամը, այլ մտցրեցին երկիրը դժոխքի նոր պտույտի մեջ:
Եվ շատ սատանեական սիմվոլիզմ է այն փաստը, որ տվյալ ընտրությունների միամյակը «նշվեց» նախօրեին Ապարանում քպական բանդայի կողմից կազմակերպված արյունոտ կիրակիով: