Հնդկաստանում հեղեղումներից տուժածների թիվը գերազանցել է 4,2 միլիոնը
Հնդկաստանի հյուսիսարեւելյան մասում, գերազանցապես Ասամ նահանգում, հեղեղումներից տուժածների թիվը հասել է մոտ 4 228 100 մարդու։ Այս մասին տարածված հաղորդագրությունում տեղեկացրել է Տարերային աղետների դեմ պայքարի վարչությունը։
Մինչ այդ տեղի իշխանությունները տեղեկացրել էին 3,1 միլիոն տուժածի մասին։ Նահանգների տարածաշրջանային աշխատակազմի տեղեկատվությամբ՝ զոհերի թիվը հասել է 71-ի։ Մեկ օր առաջ տեղեկացվել էր 63 զոհի մասին։
Հնդկաստանի հյուսիս-արեւելքում անցած շաբաթ հզոր մուսոնային անձրեւներ են սկսվել, ափերից դուրս են եկել Բրահմապուտրա գետն ու նրա վտակները։ Հատկապես տուժել են Ասամ եւ Մեգհալայա նահանգները։ Ներկայում ջրի տակ են հայտնվել 5 137 գյուղեր, վնասվել են 107 370 հեկտար ցանքատարածություններ։
Ինչպես նշել են օդերեւութաբանները, հզոր մուսոնային անձրեւները Հնդկաստանի հյուսիսարեւելյան նահանգներում ամենայն հավանականությամբ կշարունակվեն հաջորդ 48 ժամում, ինչից հետո սպասվում է տեղումների ինտենսիվության նվազում։