Ասանժի կինը տեղեկացրել է նրա առողջական վիճակի վատացման մասին
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կինը՝ Ստելա Մորիսը, տեղեկացրել է, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է Բելմարշ բանտում։ Նա ամուսնուն վերջին անգամ տեսել է երեքշաբթի, և Ասանժը տագնապած էր։
«Ես անհանգստանում եմ Ջուլիանի համար, ես նրա հետ չեմ խոսել այն պահից, երբ հայտարարվել է (Բրիտանիայի ՆԳՆ-ի) որոշման մասին, նրան տեսել եմ երեքշաբթի, նա շատ տագնապած էր... նրա ֆիզիկական վիճակը շատ է վատացել Բելմարշ բանտում գտնվելու ընթացքում»,- ասել է Մորիսը ABC ավստրալական հեռուստակայանի հարցազրույցում։
Մորիսը նշել է, որ Ասանժը բողոքարկելու է ինչպես ԱՄՆ-ի կառավարության, այնպես էլ Բրիտանիայի ՆԳՆ-ի ղեկավարի որոշման դեմ։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Wikileaks-ում տեղեկացրել էին, որ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ի ղեկավար Փրիթի Փատելը հավանություն էր տվել նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշմանը, որտեղ նրան սպառնում է 175 տարվա բանտարկություն։ Կազմակերպությունն այս որոշումն անվանել է «սեւ օր» խոսքի ազատության համար եւ հայտարարել է բողոքարկելու ծրագրերի մասին։