Երևանում բախվել են Hayasa մոտոցիկլետն ու Opel-ը. 2 ծանր վիրավորների կյանքը հնարավոր է եղել փրկել այդ պահին վթարի վայրով անցնող էրեբունու հիվանդանոցի սրտաբանի և Երևանի գնդի պարեկների շնորհիվ
Այսօր՝ հունիսի 19-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40–ի սահմաններում Արցախի փողոցի 24/54 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Ջ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլետը և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Դավիթ Պ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան, այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Արթուր Ջ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրաչ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, 1-ին վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, ովքեր իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ բժշկական արկղը և այնտեղ գտնվող պարագաներով օգնություն են ցուցաբերել վիրավորներին ու այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անգիոգրագիկ ծառայության ինտերվենցիոն սրտաբան Շահեն Տոռոզյանը, ով նախ դադարեցրել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկի պարանոցի արյունահոսությունը, ապա անհրաժեշտ առաջին բուժօգնությունն է ցուցաբերել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 1-ին վաշտի պարեկներ Հայկ Ղազարյանն ու Մարիամ Սահակյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: