Տոյվո Կլաարը ողջունում է Ալիևի հայտարարությունը Բաքվի ֆորումում
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։
«Հաճույքով կարդացի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը. - «Եկել է խաղաղության և համագործակցության հաստատման» և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», - գրել է Կլաարը Թվիթերում։
Անցած շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված համաժողովի ժամանակ իր ելույթում Ալիևը հայտարարել էր, մասնավորապես, որ «եթե երկու կողմերն էլ աշխատեն բարի կամք դրսևորելով, ապա մեկ տարվա ընթացքում մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»:
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր, որ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման, պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու «բանավոր պայմանավորվածություն կա»:
«Հայաստանի կամ որևէ այլ երկրի կողմից Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած շահարկում նյարդայնացնում է Ադրբեջանին: Մենք լուծել ենք հակամարտությունը, Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները իրագործվել են: Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և խաղաղության պայմանագիր ստորագրենք», - նաև ասել էր Ալիևը: