Վաճառքի է հանվել միակ սպիտակ Ferrari Enzo սուպերմեքենան
Վաճառքի է հանվել միակ սպիտակ Ferrari Enzo սուպերմեքենան: 2002-ից 2004 թվականների ընթացքում Ferrari-ն արտադրել է Enzo սուպերմեքենայի 400 օրինակ, որոնք այսօր ցանկացած հավաքածուում ամենացանկալի մեքենաներից են: Ferrari Enzo սուպերմեքենաների մեծ մասը եղել է ընկերության ավանդական կարմիր երանգներով, եւ, Extracampionario ծրագրի շրջանակներում, միայն 20 ավտոմեքենա է ստացել հատուկ երանգ, որոնցից միայն մեկը`սպիտակ, գրում է Motor-ը:
Extracampionario ծրագիրը հասանելի էր բացառապես ամենաթանկ եւ պահանջկոտ հաճախորդներին, որոնց վստահեցրել էին, որ կարող են սուպերմեքենայի համար ցանկացած գույն ընտրել: Գերմանա-շվեյցարացի մի միլիարդատեր ընտրել էր Bianco Avus անվանմամբ սպիտակ գույնը՝ համակցված սեւ կաշվե սրահի հետ:
Մեքենան թողարկվել է 2003 թվականի մայիսի 22-ին եւ այս տարիներին մեծամասամբ ցուցադրված է եղել ցուցասրահում, իսկ 2011 թվականին արտահանվել է Հոնկոնգ՝ 9600 կիլոմետր վազքով:
2012 թվականի նոյեմբերին մեքենան ստացել է Ferrari Classiche սերտիֆիկատ, որը հաստատում է սուպերմեքենայի իսկությունը, եւ այժմ աշխարհում միակ սպիտակ Ferrari Enzo-ն վաճառքի է հանվել RM Sotheby's աճուրդում: