Ռումինիայում տղամարդը մետաղադրամներով լի անոթ է հայտնաբերել
Ռումինիայում Նարսիս Ցարցիշ անունով մի մարդ, որը սիրում է մետաղորսիչ սարքով շրջել, անտառում հռոմեական դարաշրջանի մեծ գանձ է հայտնաբերել, գրում է Planet Today-ը եւ հավելում, որ տղամարդը դիմել է իշխանություններին, որոնք, պեղումներ իրականացնելու նպատակով, մասնագետների խումբ են ուղարկել:
Մասնագետները հայտնաբերել են մետաղադրամներով լի կավե աման եւ եւս մի քանի փոքր մետաղադրամներ: Ընդհանուր առմամբ կավե անոթի մեջ եղել է 300 դահեկան, ինչն այդ ժամանակաշրջանի ամենամեծ գտածոն չէ: Այն թվագրվել է 1700-ից 2000 տարվա հնության, երբ զինվորները տարեկան 700 դահեկան աշխատավարձ էին ստանում: Այս ամենից կարելի է ենթադրել, որ դրանք որեւէ մեկի անձնական խնայողություններն են եղել:
Հայտնի է, որ հռոմեական ժամանակաշրջանում մարդիկ իրենց գումարը թաքցնելու սովորություն են ունեցել, եւ, դատելով այդ գտածոներից, դրանց սեփականատերերի ճակատագիրը լավ չի եղել՝ հակառակ դեպքում նրանք կվերադառնային գումարի ետեւից: