Սերբ գիտնականները 10 հազար տարվա վաղեմությամբ մարդու պատկեր են վերականգնել
Սերբ գիտնականները, աճյունի հիման վրա, վերականգնել են Լեպենսկի Վիր քաղաքի նախկին բնակիչներից մեկի դեմքը, հայտնում է Hi Tech լրատվականը եւ հավելում, որ հետազոտողներն օգտնվել են ԴՆԹ անալիզից, մնացորդների լուսանկարներից եւ նեյրոնային ցանցից՝ հին շամանի դեմքի արտահայտությունները պարզելու համար:
Լեպենսկի Վիր բնակավայրը մեզոլիթյան դարաշրջանի որսորդական ճամբար է եւ Եվրոպայում հայտնաբերված հնագույն բնակավայրերից մեկը։ Հնագետներն այստեղ գտել են տարբեր մարդկանց մոտ 500 մնացորդներ, այդ թվում՝ կմախք, որը հայտնի է դարձել «շաման» անվանմամբ՝ ոտքերը խաչած՝ լոտոսի նման անսովոր դիրքի պատճառով:
Հետազոտողները կարծում են, որ շամանը ապրել է մոտ 10 հազար տարի առաջ։ Կմախքի վերլուծության հիման վրա մասնագետները որոշել են նրա հասակը, քաշը, նույնիսկ այն, որ նա հիմնականում ծովամթերքով է սնվել։ Արտաքին տեսքը վերականգնելու համար՝ գիտնականներին անհրաժեշտ է եղել ստեղծել իրական գանգի ճշգրիտ ֆիզիկական պատճենը: Հետազոտողները օգտագործել են լուսանկարչություն եւ 3D մոդելավորում:
Ապա գիտնականներ նեյրոնային ցանցերի ուսումնասիրությամբ վերջնական տեսքի են բերել շամանին, ապա ԴՆԹ անալիզի միջոցով որոշել մաշկի գույնը, մուգ մազերն ու շագանակագույն աչքերը: Ավարտուն տեսքի բերված պատկերի անիմացիոն տարբերակը ցուցադրվում է Բելգրադի թանգարանում: