Ջեյք Սալիվանը վարակվել է COVID-19-ով
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը COVID-19-ի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել, տեղեկացրել է Սպիտակ տունը։
Որպես կանոն, Սալիվանը հաճախ է շփվում նախագահ Ջո Բայդենի հետ, բայց այս դեպքում դա վերջին անգամ տեղի է ունեցել շաբաթվա սկզբին, տեղեկացրել է աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, որը չի ցանկացել նշել անունը։
Նրա խոսքով՝ Սալիվանը Բայդենից հեռավորություն է պահպանել այն բանից հետո, երբ որոշ անձանց թեստավորումը, որոնց հետ նա սերտորեն առնչվել է, դրական արդյունք է տվել։
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էդրիեն Ուոթսոնը տեղեկացրել է, որ Սալիվանի հիվանդությունն անցնում է «առանց ախտանշանների», եւ որ նա «սերտ չի շփվել նախագահի հետ»։
Անցած հինգշաբթի Սպիտակ տունը հաստատել էր, որ Բայդենի այդ օրվա թեստավորման արդյունքը բացասական է եղել։