«Շուշիում ամեն ինչն եմ կարոտել՝ օդից բռնած». Էրիկի «Կուճիր հույզերը»՝ Շուշիից բերած քարերին
«Շուշիում ամեն ինչն եմ կարոտել՝ օդից բռնած: Մեկ-մեկ պատահում է՝ օդի ջերմությունը դեռ զգում ես, դա քո զգացումներն են, որոնք չեն կորել, եկեղեցին ես կարոտում, քարը, հայաթը, քո էն տուռնիկը, որ ամեն առավոտ գնում կախվում էիր, քո սարը, սարի վերեւի խաչը, պարիսպը… Ամեն ինչին կարոտում ես»,- ասում է Էրիկը, հետո ժպտում:
Երեւանի Պուշկինի 4 հասցեում գտնվող «Արտ Կվարտալ» ցուցասրահում Շուշիից բերած քարերի վրա Էրիկի խտացված հույզերով մանրաքանդակներն են ցուցադրվում: Ցուցահանդեսը կոչվում է «Կուճիր հույզեր»՝ արցախյան բարբառով «կուճիր» նշանակում է փոքր: Համադրողները նկարիչ Սերոն ու արվեստագետ Նուռն են:
Կեսօրին երբ դեռ սպասում էինք Էրիկին, սրահում ոչ ոք չկար: Սպիտակ պատերով ցուցասրահում լռություն էր, բայց միայն առաջին հայացքից: Բրոնզագույն փոքր քանդակները պատմություն էին պատմում՝ կյանքի, ընկնելու, բարձրանալու, նորից պայքարելու եւ չհանձնվելու մասին: Արտաքուստ շատ փոքր 50 քանդակները շարժման մեծ էներգիա ունեն, եւ կարծես, երկխոսության մեջ լինեն: Դրանք բոլորը մի կյանքի պատմության մաս են կազմում:
«Երբ զգացմունքներն ու հույզերը դադարում են մեզ ոգեշնչել, այդ պահին մենք կորցնում ենք ապրելու, սիրելու, կարեկցելու ունակությունը: Մեր ներքին հոգեւոր աշխարհը կաթվածահար է լինում սառնությունից, անտարբերությունից, անզգայնությունից: Այս ցուցահանդեսը վերը նշվածի հականիշն է»,- գրված է ցուցասրահի պատին: Մանրաքանդակները վաճառվում են, ստացած հասույթը Էրիկը տրամադրելու է մարզերում բնակվող վիրավոր զինվորներին:
Քիչ անց մանրաքանդակների հեղինակն է գալիս, խնդրում է եւս մի քիչ սպասել, մինչեւ մեքենան կկայանի: Սրահում մի քանի րոպե շրջելուց հետո նստում ենք բակում: Պատմությունն սկսում ենք Շուշիից: Էրիկը ծնվել է 2000 թ. հունիսի 9-ին: Մինչեւ 2019 թ. զորակոչվելն ապրել է Շուշիում: Հարցնում եմ՝ որտե՞ղ էր իրենց տունը, ասում է՝ «հենց Կանաչ ժամի ներքեւը կոոպերատիվի շենք էին ասում, գորգանոցի մոտի թաղն էին ասում, կլուբի մոտի թաղն էին ասում, մեկ էլ ասում էին Գարեգին Նժդեհի փողոց»:
Նախքան զորակոչվելը Էրիկն ընդունվել էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոնոմիայի, սելեկցիայի եւ գենետիկայի բաժին: Երկորրդ կուրսում զորակոչվել էր: Ընտանիքում երեք եղբայրներից կրտսերն է:
Ծառայությունն անցնում էր Մատաղիսի զորամասում: Էրիկը տանկի մեխանիկ-վարորդ էր։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ պատերազմն սկսելու օրը, տանկային դիրքերում է եղել: Թշնամին ռազմական գործողություններն սկսել է հրետակոծությամբ։
«Էնպես էր ստացվել, որ էդ օրը երեք տանկ եմ նստել: Նորակոչիկները երբ եկել էին, տեղանքը չգիտեին, ես էի քշում էդ տանկերը, ու համարյա խփվեցին: Հենց սեպտեմբերի 27-ին էր՝ մոտ 3 ժամվա ընթացքում»,- նշում է նա:
Այդ օրը առավոտյան առաջին զոհն ու վիրավորներն ունեցան իրենց ստորաբաժանումից։
«Էն որ սիրտդ չի դիմանում, որ ուզում ես հրամանատարիդ քաշես, ու քո մեջ ինչ ուժ էլ արթնանա, մեկ ա՝ լացելով ես քաշում: Ոնց որ սիրտդ ցավա, ու դու գիտես՝ որ գլխի կեսը չկա, անհնար ա ինչ-որ բան անելը… Ինչ ասեմ»,- հիշում է Էրիկը: Սա միակ զգացմունքային կետն էր մեր զրույցում պատերազմի մասին, կատարվածի մասին նախընտրում է չխոսել: Ասում է՝ տխուր թեմաներից չխոսենք:
Առավել մանրամասն՝ աղբյուրում: