Ուկրաինան և Ռուսաստանը գերիների են փոխանակել
Ուկրաինան և Ռուսաստանը դարձյալ գերիների փոխանակում են կատարել՝ 5-ը 5-ի դիմաց ձևաչափով։ Ըստ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության մամուլի ծառայության՝ Կիևին վերադարձված գերիներից 4-ը քաղաքացիական անձինք են։ Նրանք գերի էին վերցվել Կիևի մարզի Գոստոմել քաղաքի շրջանում։
Ուկրաինական կողմին է վերադարձվել նաև 1 զինվորականի մարմին։
Ուկրաինական կողմն իր հերթին Ռուսաստանին է վերադարձրել 5 գերու, սակայն չի հստակեցվում՝ արդյոք նրանք զինվորականներ են թե քաղաքացիական անձինք։
Ռուսական կողմն գերիների փոխանակման մասին տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել։
BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ ուրբաթ օրը Ուկրաինային է վերադարձվել ռուսական կողմում գերության մեջ գտնվող պարամեդիկ Յուլյա Պաևսկայան՝ «Տայրա» մականունով։ Նա գերի էր ընկել մարտի կեսին՝ Մարիուպոլում։