NYT-ը պարզել է, թե ուր է թռել ռուսական էլիտան պատժամիջոցների սահմանումից առաջ եւ հետո
The New York Times-ը վերլուծել է Մոսկվայից մեկնող մասնավոր ինքնաթիռների չվերթները եւ պարզել, որ մինչեւ պատժամիջոցների սահմանումը եւ Եվրոպայի օդային տարածքի փակվելը, դրանք առավել հաճախ թռել են Փարիզ, Միլան եւ Ժնեւ։
RadarBox.com-ի փոխանցմամբ, որին հղում է անում հրապարակումը, փետրվարի 24-ից հետո մեծահարուստ ռուսները սկսել են թռչել Կենտրոնական Ասիա եւ Մերձավոր Արեւելք։
«Մինչեւ մայիսը ձեւավորվել էր ռուսական էլիտայի նոր աշխարհագրություն, այս մասին են վկայում մոտ 2000 թռիչքների մասին տվյալները, որոնք ուսումնասիրել է New York Times-ը: Այս աշխարհն ունի մեկ հստակ կենտրոն՝ Դուբայը»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ մինչեւ փետրվար Ռուսաստանից մեկնող մասնավոր չվերթների միայն 3 տոկոսն է ուղեւորվել Արաբական Միացյալ Էմիրություններ, հիմնականում՝ Դուբայ։ Ռուսաստանի Դաշնության համար եվրոպական օդային տարածքը փակելուց հետո ոչ մի երկրում ռուսների թվի նման կտրուկ աճ չի եղել, որքան ԱՄԷ-ում, նշում է NYT-ը։
Վերլուծությունը վերաբերում է ինչպես մասնավոր ինքնաթիռներին, այնպես էլ կոմերցիոն ընկերությունների կողմից վարձակալված ինքնաթիռներին, թեեւ ենթադրվում է, որ ինքնաթիռների մեծ մասը մասնավոր սեփականություն է, ասվում է NYT-ում: Թռիչքների տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները փոխել են ռուսական էլիտայի կյանքն ու սովորությունները, գրում է թերթը։
Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ռուսական ավիաընկերությունների համար իր օդային տարածքը փակել է նաեւ ԱՄՆ-ը։ Ի պատասխան՝ «Ռոսավիացիան» փակել է օդային տարածքը 36 երկրների համար։