Հարավային Կովկասում ռուս խաղաղապահները երկարաժամկետ երեւույթ են․ Վլադիմիր Ավատկով
Հարավային Կովկասում ռուս խաղաղապահները երկարաժամկետ երեւույթ են։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կմնան 5 տարի ժամկետով եւ ժամկետի երկարացման հնարավորությամբ։
Ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե նախկինում միջազգային հարաբերություններում պլանավորման միջանցքը 1 տարի էր, 3 տարի, 5 կամ 10 տարի, ապա այժմ այն կրճատվել է շատ ավելի կարճ ժամկետների։ Դա պայմանավորված է տեկտոնական տեղաշարժերով, որոնք տեղի են ունենում միջազգային հարաբերությունների համակարգում։ Ռուս խաղաղապահները, որոնք եռակողմ համաձայնագրով գտնվում են Ղարաբաղում, ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ այնտեղ երկար մնալու համար (մզկիթ, եկեղեցի, խաղաղապահի հուշարձան)։ Իսկ ի՞նչ կլինի 2025 թվականից հետո։
«2022 թվականին մենք կարող ենք նայել միայն այս տարվա պրիզմայով։ Ելնելով դրանից՝ կարելի է ասել, որ ռուս խաղաղապահներն ընդհանրապես Հարավային Կովկասում շատ երկարաժամկետ երեւույթ են։ Ադրբեջանը կարո՞ղ է ցանկանալ ռուս խաղաղապահների դուրսբերում. Իհարկե, այո, եւ Հայաստանը կարող է ցանկանալ, որ ռուս խաղաղապահները դուրս բերվեն 2025 թվականին։ Ժամանակը ցույց կտա։ Բայց կողմերից յուրաքանչյուրը պետք է հասկանա այս քայլի հետեւանքները։ Ռուսաստանը չի վախենում, նա նայում եւ եզրակացություններ է անում։ Երկու անկախ պետությունների միջեւ կա ռուս-բելառուսական համագործակցություն։ Մեկ այլ դեպք էլ կա՝ ուկրաինական։ Կա երրորդ մոտեցումը՝ համագործակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ։ Չորրորդ մոտեցումը Բալթյան երկրներն են։Յուրաքանչյուր պետություն պետք է ինքնիշխան լինի եւ պատասխանատվություն կրի որոշակի քայլերի հետեւանքների համար։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել ռուս խաղաղապահների դուրսբերման անհրաժեշտության մասին, սակայն ի՞նչ հետեւանքներ կունենա այս քայլը։ Հիմա այս հետեւանքների մասին խոսելը վաղ է, քանի որ համապատասխան հայտարարություն չի եղել։ Ընդհակառակը, այս փուլում կողմերի ղեկավարություններն ընդգծում են Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության կարեւորությունը։ Սա հասկանում են բոլորը»,-ընդգծեց փորձագետը։