Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետեւանքով 31 մարդ է զոհվել
Առնվազն 31 մարդ է զոհվել վերջին երկու օրվա ընթացքում Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասսամ եւ Մեգալայա նահանգներում հզոր մուսոնային անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների պատճառով։ Շաբաթ օրը NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անձրեւներից Բրահմապուտրա գետի եւ նրա վտակների ջրի մակարդակը բարձրացել է։
Առնվազն 12 մարդ է զոհվել Ասամում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով, որտեղ մոտ 1,9 միլիոն մարդ հեղեղման գոտում է հայտնվել: Մեգալայայի իշխանությունները հաղորդել են 19 մարդու մահվան մասին:
Երկու նահանգներում հեղեղվել է մոտ 3000 գյուղ։ Անցած չորեքշաբթի օրվանից երկրի հյուսիսարեւելյան մի շարք շրջաններում ավելի քան 800 մմ տեղումներ են եղել։ Ջրհեղեղից տուժած շրջանների վարչակազմները ահազանգեր են տարածել՝ կոչ անելով մարդկանց դուրս չգալ տներից, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության կամ անհետաձգելի բժշկական օգնության դեպքերի։
Օդերեւութաբանները զգուշացնում են, որ առաջիկա օրերին սելավները կշարունակվեն։