ՄԱԿ-ը նախազգուշացրել է «երկրի վրա դժոխքի» մասին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեւիդ Բիզլին ասել է, որ տասնյակ երկրներում բողոքի ցույցեր, անկարգություններ եւ սով կարող է սկսվել, քանի որ ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գները բարձրանում են: Այս մասին նա հայտարարել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում ելույթի ժամանակ, հայտնում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ աշխարհը բախվում է «վախեցնող» դեֆիցիտի, որը կարող է ապակայունացնել այն երկրները, որոնք կախված են Ուկրաինայի եւ Ռուսաստանի ցորենի արտահանումից։
«Դեռեւս ուկրաինական ճգնաժամից առաջ մենք բախվեցինք պարենային աննախադեպ համաշխարհային ճգնաժամի՝ COVID-19-ի եւ վառելիքի գների աճի պատճառով։ Այն ժամանակ մենք մտածում էինք, որ ավելի վատ չի կարող լինել, բայց այս պատերազմը ավերիչ է»,- ասել է նա:
Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինան տարեկան աճեցնում է այն քանակի սննդամթերք, որը կարող է կերակրել 400 միլիոն մարդու։ Երկիրն արտադրում է համաշխարհային արեւածաղկի ձեթի 42 տոկոսը, եգիպտացորենի 16 տոկոսը եւ ցորենի 9 տոկոսը։ Սոմալին ցորենը ներկրում է Ուկրաինայից եւ Ռուսաստանից, իսկ Եգիպտոսը հացահատիկի 80 տոկոսն է ստանում այս երկու երկրներից։
Բիզլին նշել է, որ կորոնավիրուսի, կլիմայական ճգնաժամի եւ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով վերջին հինգ տարիների ընթացքում սովից տառապողների թիվը 650 միլիոնից հասել է 810 միլիոնի։