SpaceX ընկերությունը հեռացրել է Իլոն Մասկին քննադատող նամակի հետ կապ ունեցող աշխատակիցներին
SpaceX-ը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել առնվազն մի քանի աշխատակցի, որոնք կապ ունեն անցյալ չորեքշաբթի ընկերության ներքին հաղորդակցության համակարգի միջոցով տարածված բաց նամակի հետ, հայտնում է New York Times-ը: SpaceX-ի նախագահ Գվին Շոթվելը եւս նամակ է տարածել ընկերությունում՝ ներկայացնելով կրճատումների տրամաբանությունը եւ քննադատելով նամակը, որում, ի թիվս այլ բաների, վիճարկվում էր Իլոն Մասկի կողմից Twitter-ի օգտագործումը:
Իր պատասխանում Շոթվելը նամակը, որը հեղինակել են «տարբեր սեռերի, էթնիկական պատկանելության, ստաժի եւ տեխնիկական դերի աշխատակիցներ» եւ որը լրացուցիչ ստորագրություններ էր պահանջում ընկերության այլ աշխատակիցներից (անանուն կամ այլ կերպ), որպես «չափից մեծ ակտիվություն» է որակել եւ քննադատել է այն՝ ընկերության աշխատանքային ժամերի օգտագործման տեսանկյունից:
Վերոհիշյալ բաց նամակում աշխատակիցների խումբը ոչ միայն կոչ է արել SpaceX-ին «հրապարակայնորեն վերանայել եւ դատապարտել Իլոնի վնասակար վարքագիծը Twitter-ում», այլ նաեւ ավելի լավ սահմանել իր լայն ներքին քաղաքականությունն այն մասով, թե «որն է աշխատակիցների ընդունելի վարքագիծը, այլ ընկերության ղեկավարությանը կոչ է արել պատասխանատվություն ստանձնել ընկերության, որպես աշխատավայրի, բարձր չափանիշներին համապատասխանության ապահովման համար»: