Ֆրանսիան հունիսի 15-ից ռուսական գազ չի ստանում
Ֆրանսիական GRTgaz գազատրանսպորտային համակարգի օպերատորը ուրբաթ հայտարարել է, որ հունիսի 15-ից գազատարով ռուսական գազ չի ստանում՝ «Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ ֆիզիկական հոսքի ընդհատման պատճառով», հաղորդում է BFMTV-ն։
Ֆրանսիան իր գազի մոտ 17 տոկոսը ստանում է Ռուսաստանից, որը կարող է մատակարարվել խողովակաշարերով կամ հեղուկ վիճակում՝ լցանավերով։ Ներմուծվող գազի ճնշող մեծամասնությունը գազատարով անցնում էր Գերմանիայի հետ կապի այս միակ միացնող կետով: Տարեսկզբից հոսքերն արդեն կրճատվել են 60 տոկոսով, եւ ներմուծման այս կետը 2022 թ. սկզբին արդեն աշխատում է իր հզորության միայն 10 տոկոսի չափով, հայտնում է GRTgaz-ը։ Վերջին երկու օրվա ընթացքում մատակարարումը զրոյի է հասել:
GRTgaz-ը չգիտի այդ կրճատման պատճառը, սակայն «դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Գազպրոմ»-ը զգալիորեն կրճատեց գազի մատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք 1» գազատարով», նշում է հեռուստաալիքը։ Ֆրանսիան նաեւ այլ երկրներից է գազ ներկրում, այդ թվում՝ Իսպանիայից, որը վերջերս ավելացրել է մատակարարումները։ Առաջին հերթին, այն ավելացրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գնումները, որը, ըստ GRTgaz-ի, ՀԲԳ լցանավերով հասցվում է իր տեխնիկական առավելագույնին մոտ տերմինալները:
Ընդ որում, ֆրանսիական գազային օպերատորը վստահեցրել է, որ գալիք ձմռան համար ֆրանսիական պաշարները 56 տոկոս հզորության մակարդակում են՝ սովորական 50 տոկոսի համեմատ։