ԵՄ-ն նախատեսում է 20 միլիոն եվրոյով առանձնատուն գնել Մանհեթենում. Politico
ԵՄ դիվանագիտական թեւը նախատեսում է ավելի քան 20 միլիոն եվրոյով հինգհարկանի շենք գնել Մանհեթենում, գրում է Politico-ն, որին հայտնի է դարձել անշարժ գույք գնելու առաջարկի մասին:
Փաստաթղթում նշվում է Վերին Իսթ Սայդում գտնվող նոր վերանորոգված տունը ՄԱԿ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի համար որպես տնային բազա օգտագործելու մտադրության մասին։
Թեեւ շքեղ դիվանագիտական բնակարանները սովորական երեւույթ են Նյու Յորքում եւ աշխարհի մայրաքաղաքներում, այս տունն առանձնանում է իր «ցուցադրական» զարդարանքով: Վերանորոգումը տեւել է երեք տարի եւ մոտ 7 միլիոն դոլար է արժեցել, հայտնում է Wall Street Journal-ը:
Առաջարկը կոչված է համոզելու Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ ԵՄ պաշտոնյաներին, ովքեր պետք է ստորագրեն գնման պայմանագիրը: Եւ անկախ նրանցի, թե որքան հուսալի ներդրում կարող է լինել այս շենքը, չափազանց մեծ գինը, անշուշտ, տարակուսանք կառաջացնի, նշում է պարբերականը:
Առաջարկի մեջ ասվում է, որ 543 քառակուսի մետր մակերեսով շենքի գնումը, որը շուկայում է գրեթե երեք ամիս, ԵՄ պատվիրակության համար «առաջնահերթություն» է՝ «այնտեղ ԵՄ ներկայության կարեւորության պատճառով»:
Այժմ պատվիրակությունը 1923 քմ մակերեսով գրասենյակային տարածք է վարձակալում 60 աշխատակցի համար եւ ՄԱԿ-ում ԵՄ դեսպանի համար երեք սենյականոց նստավայր, ասվում է փաստաթղթում։ ԵՄ-ն նաեւ մեկ այլ թաունհաուս ունի Վերին Իսթ Սայդում՝ ՄԱԿ-ում պատվիրակության ղեկավարի տեղակալի համար:
Փաստաթղթում նշվում է, որ 20 միլիոն եվրո կուղղվի ներկայիս նստավայրի փոխարինմանը եւ կբաշխվի 20 տարվա մեջ: