Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել ավելի խոշոր պոլիկլինիկա՝ հաջող փորձը ներդնելու ակնկալիքով. քաղաքապետարան
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, եւ հենց դա է պատճառը, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանն՝ անդրադառնալով այսօր Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիային՝ ընդդեմ քաղաքապետարանի՝ Աննա Սիսոյանին պաշտոնից ազատելու որոշման։
«Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում մի քանի անգամ նշվեց, իբր կադրային փոփոխություններն իրականցվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ վերոնշյալ պոլիկլինիկան գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ինչը նշանակում է, որ կադրային քաղաքականության իրականացումը բացառապես համայնքի իրավասությունն է: Եվս մեկ անգամ վստահեցնում ենք, որ քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, եւ հենց դա է պատճառը, որ նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով»,– ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել եւ անժամկետ գործադուլ հայտարարել՝ բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է տնօրենի պաշտոնից: Պոլիկլինիկայի տնօրենի փորձաքննության գծով տեղակալ Կարինե Հայրապետյանն ասել էր, որ օրեր առաջ տնօրենը ժողով է արել եւ պատմել, որ իրեն առաջարկել են ազատվել աշխատանքից եւ այլ բուժհիմնարկի փոխտնօրեն նշանակվել, սակայն ինքը հրաժարվել է։