Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի անդամակցմանը Եվրամիությանը. Վլադիմիր Պուտին
Եվրամիությունը ռազմական կազմակերպություն չէ, ուստի Ռուսաստանը դեմ չէ, որ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց հաշված օրեր անց՝ 2022 թ. փետրվարի 28-ին, երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ:
Ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն փոխանցել է հարցաշար, որի լրացումը անհրաժեշտ քայլ է պետությանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու համար: Ֆոն դեր Լեյենը խոստացել է, որ Ուկրաինայի անդամակցման գործընթացը շատ ավելի կարճ կտևի, քան այլ թեկնածուների դեպքում է լինում: Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալն էլ իր հերթին հայտարարել էր, թե ուկրաինական կողմն ակնկալում է որ արդեն հունիսին Ուկրաինան ԵՄ անդամակցման թեկնածուի կարգավիճակ կստանա: