Շենգենյան գոտու երկրներ մուտքի կանոնները շուտով կփոխվեն
Մի քանի ամսից շենգենյան երկրներ մուտք գործելու ընթացակարգերը կփոխվեն. Կսկսեն գործել Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգը (ETIAS) եւ դրան ուղեկցող մուտք-ելքի համակարգը (EES), հայտնում է ATOR-ը։
Ըստ Եվրահանձնաժողովի՝ երկու ծրագրերի նպատակն է «ներքին անվտանգության ամրապնդումը», անօրինական միգրացիայի դեմ պայքարը, միջսահմանային հանցագործությունների եւ ահաբեկչության կանխումը։
EES-ը կօգտագործվի երրորդ երկրներից ճանապարհորդներին գրանցելու համար ամեն անգամ, երբ նրանք հատում են ԵՄ արտաքին սահմանը: Համակարգը գրանցելու է անձի անունը, ճամփորդական փաստաթղթի տեսակը, կենսաչափական տվյալները (մատնահետքեր եւ դեմքի պատկեր), ինչպես նաեւ մուտքի եւ ելքի ամսաթիվն ու վայրը։ Այն կկարողանա արձանագրել սահմանը հատելու մերժումները, ավելի արդյունավետ կերպով բացահայտել գտնվելու ժամկետը գերազանցած անձանց, ինչպես նաեւ փաստաթղթերով եւ անձը հաստատող փաստաթղթերով խարդախության դեպքերը:
ETIAS եւ EES տվյալների բազաները «կփոխգործակցեն» միմյանց հետ։ Բացի այդ, ԵՄ-ի այս ընդարձակ կենսագրական եւ կենսաչափական ֆոնդերը, այդ թվում՝ բոլոր վիզաների գրառումները, հասանելի կլինեն Շենգենյան բոլոր երկրների սահմանային իշխանությունների կողմից իրական ժամանակում օգտագործման համար:
Օրինակ, եթե անձը գերազանցել է մի երկրի վիզայի վավերականության ժամկետը, ընդ որում, լքում է ցանկացած այլ երկիր, դա անմիջապես կգրանցվի եւ կուղարկվի փաստաթուղթը տված Շենգենյան գոտու երկրի սահմանային ծառայություն:
Ընդ որում, EES համակարգը կհեշտացնի երրորդ երկրներից բարեխիղճ զբոսաշրջիկների ճանապարհորդությունը:
Օրինակ՝ հնարավորություն կտա կենսաչափական կրպակներում սկանավորել անձնագիրն ու մատնահետքերը՝ խուսափելով սահմանապահ սպայի հետ հանդիպումից։ Սարքերը կսկանավորեն յուրաքանչյուր ճանապարհորդի անձնագրերը, դեմքերը եւ չորս մատնահետքերը: Մուտքի կամ դուրս գալու թույլտվությունը կտրվի ավտոմատ կերպով՝ այցելուի էլեկտրոնային «դոսյեի» վերլուծությունից հետո։
Այժմ Շենգենյան տարածք մեկնող ճանապարհորդները պետք է առերես ստուգում անցնեն եւ անձնագրային հսկողություն անցնելիս կնիք ստանան։ Բայց այդ սխեման ԵՄ-ում հնացած է համարվում։ Այն հերթերի է հանգեցնում, լիովին հավաստի տվյալներ չի տրամադրում սահմանային հատումների վերաբերյալ եւ թույլ չի տալիս համակարգված նույնականացնել այն անձանց, ովքեր խախտում են մնալու թույլատրելի ժամկետները: