Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը հավանություն է տվել Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնմանը
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հավանություն է տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնմանը, որտեղ նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում, ասվում է WikiLeaks-ի հայտարարության մեջ։
«Ներքին գործերի նախարարը հավանություն է տվել Ջուլիան Ասանժի արտահանձնմանը Միացյալ Նահանգներ, որտեղ նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում»,- ասվում է WikiLeaks-ի թվիթերյան հայտարարության մեջ։ Կազմակերպությունը որոշումը «մութ օր» է անվանել խոսքի ազատության հարցի համար։
Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանն Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման օրդեր էր տրամադրել։ Արտահանձնման մասին վերջնական որոշումը պետք է կայացներ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավարը։
Ասանժը հայտնի դարձավ 2006 թ.՝ WikiLeaks կայքում իր աշխատանքի հետ կապված, որը հիմնադրվել էր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար: 2010 թ. Կայքն ԱՄՆ ռազմական գաղտնի կադրեր էր հրապարակել, որոնցում երեւում է, որ 2007 թ. Բաղդադում ԱՄՆ ուղղաթիռի հարձակման հետեւանքով առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել: 2010 թ. կայքը սկսեց հրապարակել նաեւ 250 հազար ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթեր:
Ասանժը, ով 2010 թ. Շվեդիայում մեղադրվում էր սեռական ոտնձգության եւ բռնաբարության մեջ, 2012 թ. հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թ. ապրիլի 11-ի առավոտյան նա բերման էր ենթարկվել Միացյալ Նահանգների պահանջով։ Արտահանձնման լսումները սկսվել էին 2019 թ. մայիսի 2-ին։ Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ Ասանժին նոր մեղադրանքներ են ներկայացրել լրտեսության մասին օրենքի խախտման եւ գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին 17 հոդվածներով։