Մասշտաբային ծրագիր ենք իրականացնում. Նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում. Փաշինյան
Կառավարության այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նահատակներին նվիրված հուշակոթողներին ու հուշահամալիրներին։
«Մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում՝ նահատակների հիշատակին նվիրված այգի են ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում։ Մենք այդ նախագիծն անվանում ենք Կյանքի պուրակ ու մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան, ընտանիքներով ժամանակ անցկացնեն, երեխաները խաղան, վազվզեն ու դա պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը, ոչ թե մահվան», - ասաց վարչապետը։
Նա մի քանի անգամ հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ. կարծում է՝ երբ կա սուբվենցիոն ծրագիր, պետք է ընդգծեն այս տրամաբնությունը, որ այն դառնա հնարավորինս բանուկ վայր ու կյանքի հաղթանակը պետք է լինի նահատակների հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը։
«Սա շատ նուրբ հարց է, բայց շատ տեղերում տեսել եմ, որ բնակավայրերի ամենակենտրոնում հուշակաթողները կառուցված են մի փոքր այլ տրամաբանությամբ, իհարկե, մենք հանդիսավոր բացումներ անում ենք, հարգանքի տուրք մատուցում ենք, բայց, սովորաբար, երբ այլ ժամանակներում անցնում ենք այդ տեղերով, զգում ենք, որ մարդիկ իրենց երեխաներին չեն վերցնի ու գնան այդտեղ զբոսնելու», - ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը պետք է լինի այնպիսին, որ ոչ թե մարդիկ նպատակահարմար չհամարեն ինչ-ինչ պատճառներով երեխաներին տանել այնտեղ զբոսանքի՝ շատ հարցերից խուսափելու համար, այլ պետք է լինի այնպես, որ դա և բարձր պահի նահատակների հիշատակը, և մարդիկ տանեն իրենց երեխաներին այնտեղ։
«Մեր նահատակները ընկել են, որ Հայաստանն ապրի, որ Արցախը ապրի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ շինարարությունը երեք տարի կտեւի: