Թուրքիայում կալանավորվել են 16 քուրդ լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից
Թուրքական դատարանը կալանավորել է քուրդ 16 լրագրող եւ ԶԼՄ-ների աշխատակից, որոնք ձերբակալվել են անցած շաբաթ՝ «ահաբեկչական քարոզչություն» տարածելու մեղադրանքով, տեղեկացրել է Reuters-ը։
Նրանք ութ օր կալանքի տակ են պահվել հարավարեւելյան Դիարբեքիր քաղաքում, նրանց պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, դատախազությունը երկու անգամ պահանջել է երկարացնել կալանքը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ վերջին տասնամյակում Թուրքիայում ավելի շատ թղթակիցներ են բանտարկվել, քան այլ երկրների մեծ մասում։
Հունիսի 8-ին գերազանցապես քրդաբնակ Դիարբեքիրի ոստիկանությունը կալանավորել էր 21 լրագրող՝ «ահաբեկչական քարոզչության» մեղադրանքով՝ կապված Բելգիայից եւ Մեծ Բրիտանիայից հեռարձակվող հեռուստաշոուի պատրաստման հետ, տեղեկացրել է Demiroren լրատվական գործակալությունը։
Երկուշաբթի 837 լրագրող եւ 62 լրատվամիջոց հանդես են եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով իրենց կալանավորված գործընկերներին, եւ դատապարտել են նրանց կալանավորումը՝ որպես «հարված մամուլի ազատությանը»։