ԱՀԿ. Հինգ շաբաթ շարունակ կորոնավիրուսից մահացության մակարդակի անկումից հետո մահացության դեպքերն աճել են 4 տոկոսով
Հինգ շաբաթ շարունակ կորոնավիրուսից մահացության դեպքերի թվի անկումից հետո, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, անցած շաբաթ աշխարհում գրանցված մահվան դեպքերի թիվն աճել է 4 տոկոսով, փոխանցում է AP-ն:
Հինգշաբթի հրապարակված համավարակի գնահատականի մեջ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը հայտնել է, որ անցյալ շաբաթ գրանցվել է COVID-19-ից մահվան 8.700 դեպք, ընդ որում Ամերիկայում այդ թիվն աճել է 21 տոկոսով, իսկ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում՝ 17 տոկոսով:
ԱՀԿ-ն հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է նվազել՝ նախորդ շաբաթ գրանցվել է մոտ 3.2 միլիոն նոր դեպք, ինչը երկարացնում է COVID-19-ով վարակման դեպքերի անկումը հունվարի գագաթնակետից ի վեր: Այնուամենայնիվ, որոշ տարածաշրջաններում վարակման դեպքերի զգալի աճ է գրանցվել, ընդ որում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավարեւելյան Ասիայում դեպքերի մակարդակն աճել է համապատասխանաբար 58 եւ 33 տոկոսով:
«Քանի որ շատ երկրներ կրճատել են հսկողությունը եւ թեստավորումը, մենք գիտենք, որ այդ թիվն իջեցված է»,- այս շաբաթվա սկզբին ասել էր ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Նա նաեւ նշել էր, որ «COVID-19-ից մահացության ընդունելի մակարդակ չկա»՝ հաշվի առնելով, որ համաշխարհային հանրությունն այժմ պատվաստանյութեր, դեղամիջոցներ եւ ախտորոշիչներ ունի՝ վիրուսը կանգնեցնելու համար:
Մինչդեռ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի շատ հարուստ երկրներ հիմնականում վերացրել են վիրուսի տարածման սահմանափակումները:
Ընդ որում, Պեկինի բնակիչները դեռ կանոնավոր կերպով թեստավորվում են՝ հիմնականում երկու օրը մեկ, եւ նրանցից պահանջվում է դիմակներ կրել եւ բջջային հավելված օգտագործել՝ հասարակական վայրեր այցելելու եւ դեպքերին հետեւելու գործընթացը հեշտացնելու համար:
Այս շաբաթ ԱՄՆ պաշտոնյաները եւս մեկ քայլ կատարեցին ամենափոքր երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը թույլատրելու ուղղությամբ, երբ Սննդամթերքի եւ դեղերի վարչության՝ պատվաստանյութերի հարցերով խորհրդատուները հաստատեցին Moderna եւ Pfizer-BioNTech պատվաստանյութերը մինչեւ 5 տարեկան երեխաների համար:
Փորձագետները միաձայն կողմ քվեարկեցին, որ պատվաստումների առավելությունները գերազանցում են 5 տարեկանից ցածր երեխաների համար ցանկացած ռիսկ. դա մոտավորապես 18 միլիոն երեխա է: Նախատեսվում է, որ պատվաստանյութերը հասանելի կլինեն հաջորդ շաբաթ։