Կրեմլն արձագանքել է Ղրիմի կամուրջը գրոհելու՝ Ուկրաինայի սպառնալիքին
Ռուս զինվորականները կանխարգելիչ և լրացուցիչ միջոցներով երաշխավորել են Ղրիմի անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ղրիմի կամուրջը գրոհելու՝ Ուկրաինայի սպառնալիքների մասին հարցին, հաղորդում է ТАСС-ը։
Պեսկովը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինացի քաղաքական գործիչներն ու զինվորականները հիշատակում են Ղրիմի կամուրջը: «Իհարկե մենք գիտենք նման սպառնալիքների մասին և դրանք հաշվի ենք առնում»,- վստահեցրել է մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն հայտարարել էր, որ արևմտյան զենքը ստանալուց հետո Ղրիմի կամուրջը լինելու է ուկրաինական բանակի թիվ մեկ թիրախը։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն էլ ինքնասպանություն է անվանել Ղրիմի կամրջին հարվածելը: Նա ընդգծել է, որ դա առիթ կդառնա, որպեսզի Ռուսաստանը հարվածի Կիևին: