ՄԱԿ. Սովի ճգնաժամը կարող է ավելացնել արդեն իսկ ռեկորդային գլոբալ տեղահանումները
Ուկրաինայում պատերազմն ավելի քան 100 միլիոն մարդու տեղահանման է հանգեցրել ամբողջ աշխարհում, եւ ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ դրա հետեւանքով առաջացած սովի ճգնաժամը կարող է ստիպել շատ մարդկանց թողնել իրենց տները, հաղորդում է AFP-ն:
Համաշխարհային պարենային անապահովության ճգնաժամը հաղթահարելու ջանքերն «առաջնային են... ավելի շատ մարդկանց տեղահանումը կանխելու համար,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով ղեկավար Ֆիլիպո Գրանդին:- Եթե ինձ հարցնեք, թե որքան... չգիտեմ, բայց դրանք բավականին մեծ թվեր են»։
«Հետեւանքները լուծման բացակայության դեպքում կործանարար կլինեն,- ասել է Գրանդին:- Դա արդեն կործանարար է».
Նա ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարեկան զեկույցը գլոբալ տեղահանման վերաբերյալ, ըստ որի՝ 2021 թ. վերջին ռեկորդային 89.3 միլիոն մարդ է տեղահանվել:
ՄԱԿ-ի գործակալությունը պարզել է, որ 2021 թ. վերջին ռեկորդային 27.1 միլիոն մարդ որպես փախստական էր ապրում, մինչդեռ ապաստան հայցողների թիվն աճել է 11 տոկոսով՝ հասնելով 4.6 միլիոնի։
Եվ արդեն 15-րդ տարին անընդմեջ հակամարտությունների պատճառով ներքին տեղահանվածների թիվը հասել է 53.2 միլիոնի։
ՄԱԿ զեկույցում ասվում է, որ անցած տարին նշանավորվել է մի շարք ձգձգվող հակամարտություններով այնպիսի վայրերում, ինչպիսին Աֆղանստանն է, որոնք սրվել են:
Ընդ որում, սննդի աճող պակասը, գնաճը եւ կլիմայական ճգնաժամը սրում են դժվարությունները եւ խոչընդոտում մարդասիրական օգնության տրամադրմանը՝ սպառնալով թուլացնել բազմաթիվ ճգնաժամերի ֆինանսավորման առանց այն էլ սարսափելի մակարդակը, նախազգուշացրել են ՄԱԿ-ում: