Արժե, որ Անկարան ձեռնպահ մնա Սիրիայում նոր գործողություն սկսելուց. Մոսկվա
Արժե, որ Անկարան ձեռնպահ մնա նոր գործողություն սկսելուց Սիրիայում, Ռուսաստանը մտավախություն է հայտնել Թուրքիային, որ դա կարող է հանգեցնել զինված դիմակայության նոր պտույտի եւ նպաստել անջատողականությանը, ասել է Սիրիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչպես գիտենք, գործողություն սկսելու որոշումը վերջնականապես չի ընդունվել»,- ասել է Լավրենտեւը՝ ավելացնելով, որ արժե, որ «Անկարան ձեռնպահ մնա դրանից»։
Նա հավաստիացրել է, որ այն «կարող է հանգեցնել իրավիճակի հետագա լարման, այդ թվում զինված դիմակայության». «Մենք դիմել եւ դիմում ենք մեր թուրք գործընկերներին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան ուժային գործողություններից Սիրիայի տարածքում։ Մենք բացահայտ ասել ենք մեր թուրք բարեկամներին, որ դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրացման, այդ թվում զինված դիմակայության։ Դա կարող է խթանել անջատողական տրամադրությունները Սիրիայի հյուսիս-արեւելքի այսպես կոչված ինքնավար վարչակազմում, ինչը չի բխում ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի, ոչ Իրաքի, ոչ Իրանի շահերից»,- ասել է նա։
«Ռազմական գործողությունը չի լուծի այն բոլոր խնդիրները, որոնք այժմ գոյություն ունեն, եւ առաջին հերթին լիովին չի լուծի Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրը։ Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրը կարելի է լուծել միայն ի հաշիվ սահմանները սիրիական կառավարական զորքերի կողմից վերահսկողության տակ վերցնելու»,- ասել է Լավրենտեւը Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձեւաչափի բանակցությունների 18-րդ փուլից հետո։