Սաուդյան Արաբիան ցանկանում է, որպեսզի Բայդենը դիմակայի Իրանին եւ մոռանա Խաշոգջիի մասին
Մինչ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է հանդիպել Սաուդյան Արաբիայի հզոր թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի (MBS) հետ, նրա այցի պլանները ստվերվում են սրվող էներգետիկ ճգնաժամով, որը, հավանաբար, կգերիշխի հաջորդ ամիս ծովափնյա Ջիդդա քաղաքում նախատեսված նրանց քննարկումներում:
Քանի որ Միացյալ Նահանգներում բենզինի միջին գինն այժմ գերազանցում է մեկ գալոնի համար աննախադեպ 5 դոլարը եւ շարունակում է աճել, ներքին հիասթափությունը սպառնում է խաթարել Բայդենի արտաքին քաղաքական օրակարգն այն ժամանակ, երբ նա հույս ունի շարունակել համախմբել երկիրը եւ իր դաշնակիցներին էներգետիկ տիտան Ռուսաստանի դեմ միջոցներում:
Հավանաբար ոչ մի այլ մարդ այս պահին նավթի համաշխարհային շուկայի դինամիկայի վրա ազդելու այնքան ուժ չունի, որքան արքայազն Մուհամեդը՝ մարդ, ում Բայդենը «սրիկա» էր անվանել՝ մարդու իրավունքների խախտման մեղադրանքների հետ կապված: Թագաժառանգի կողմից իր երկրի բացարձակ միապետության փաստացի ղեկավարումը նրան հնարավորություն է տալիս մեծացնել էներգիայի արտադրությունն իր հարուստ թագավորությունում՝ իջեցնելով նավթի գներն ամբողջ աշխարհում:
Սակայն եթե դա տեղի ունենա, պետք է գին վճարել:
ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի նախկին պաշտոնյաներն ու փորձագետները Newsweek-ին ասել են, որ Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքների կձգտի Իրանի եւ Եմենի հուսիների համար, ինչպես նաեւ ընկալման, որ Բայդենը կդադարի քննադատել թագավորության մարդու իրավունքները, հատկապես՝ 2018 թ. սաուդցի լրագրողի սարսափելի սպանության մասով:
Սպիտակ տունը փորձում էր նսեմացնել արքայազն Մուհամեդի հետ Բայդենի հանդիպման կարեւորությունը՝ հաստատելով գալիք հանդիպումը միայն պաշտոնյաների միջոցով, այլ ոչ թե՝ հրապարակային հայտարարության: Բայց երկար սպասված հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կգերիշխի այս այցում՝ ինչպես խորհրդանշանակությամբ, այնպես էլ բովանդակությամբ:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության նախկին պաշտոնյա Սալեմ ալ-Յամին Newsweek-ին ասել է, որ Բայդենը «պետք է հանդիպի MBS-ի հետ, եւ նա չի կարող հանդիպել այլ պաշտոնյաների, քանի դեռ չի հանդիպել նրան, հատկապես որ Բայդենը MBS-ի բաներ էր ասել, որոնք անտեղի էին»:
Այժմ, երբ ուկրաինական պատերազմը դրդեց ԱՄՆ-ին եւ նրա եվրոպացի դաշնակիցներին արգելել ռուսական նավթի եւ գազի մեծ մասի ներկրումը, որն ապահովում էր Արեւմուտքի էներգետիկ կարիքների մեծ մասը, դրան հաջորդած շուկայական ցնցումը գլխավոր սպառնալիք դարձավ Բայդենի եւ Դեմոկրատական կուսակցության համար:
Չնայած Յամին նշել է, որ նավթի արդյունահանումն ավելացնելու Սաուդյան Արաբիայի ցանկացած ծրագիր՝ որպես ԱՄՆ-ի համար այս աճող ծախսերը փոխհատուցելու միջոց, պետք է համապատասխանի թագավորության գործող համաձայնագրերին Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) կարտելի մնացած անդամների հետ, նա վստահեցրել է, որ «սաուդցիները կարող են Ամերիկային իրենց անհրաժեշտ նավթով մատակարարելու միջոց գտնել»։ «Սակայն այս փուլում Ամերիկան շատ բան պետք է անի»: