Ալիևը Երևանին մեղադրել է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հրաժարվելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Երեւանին մեղադրել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հրաժարվելու համար։
«Կովկասի հետ կապված մեր մոտեցումը ինտեգրացիան է, համագործակցությունը, եւ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ առաջրկ արել է, որպեսզի արվի առաջին քայլը»,- ասել է Ալիեւը Բաքվում «Գլոբալ աշխարհակարգի սպառնալիքները» թեմայով IX Գլոբալ համաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում։
«Մենք խորհրդակցել ենք մեր վրացի գործընկերների հետ այս հարցի վերաբերյալ, եւ Վրաստանի կառավարությունը պաշտպանում է Վրաստանում Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու եւ այդ երկխոսությունն սկսելու գաղափարը։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, պատճառը չգիտեմ, չեմ կարողանում որեւէ տրամաբանական բացատրություն գտնել»,- ասել է Ալիեւը։
Ալիեւը նշել է, որ նման փորձեր նախաձեռնվում են նաեւ եվրոպական որոշ ինստիտուտների կողմից. «Եվ նորից մերժում։ Եթե Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն չի ուզում, ապա հարց է ծագում. ի՞նչ են ուզում նրանք։ Եթե հաջորդ պատերազմն են ուզում, դա նրանց համար աղետ կլինի, եւ նրանք դա հստակ հասկանում են։ Եվ ես կարծում եմ, որ իշխանությունը եւ ռեւանշիստական ուժերը Հայաստանում հստակ հասկանում են, որ դա պետականության վերջը կլինի։ Ուստի, ես կարծում եմ, որ մենք պետք է Հայաստանից հստակ պատասխան ստանանք, թե ինչպիսին են իրենք տեսնում Հարավային Կովկասը։ Մեր դիրքորոշումը պարզ է, Վրաստանի կառավարության դիրքորոշումը պարզ է. մենք ցանկանում ենք սկսել այդ երկխոսությունը, փոխգործակցությունը, բայց առանց Հայաստանի, հասկանալի է, դա անհնար կլինի»։