Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցության հայտը «լիովին օրինական է». Մակրոն
Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտը «լիովին օրինական է»։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսին, փոխանցում է Reuters-ը։
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան, որը նախագահում է ԵՄ-ում մինչեւ ամսվա վերջ, կօգնի ԵՄ անդամներին կոնսենսուսի հասնել Մոլդովայի՝ դաշինքին անդամակցության հայտի վերաբերյալ հաջորդ շաբաթ նախատեսված Խորհրդի կարեւոր նիստին:
Նա Ուկրաինայում պատերազմը որպես սպառնալիք է որակել ամբողջ տարածաշրջանի կայունության համար եւ ասել է, որ Մոլդովան «արդեն եվրոպական ընտանիքում խարսխված երկիր է դարձել»։
Մակրոնը նշել է, որ ցանկանում է կոնսենսուսի հասնել երեք երկրներին պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տալու հարցում՝ հավելելով, որ Մոլդովայի հայտը չպետք է տարանջատվի Ուկրաինայի հայտից:
Սանդուն նշել է, որ Մոլդովան ցանկանում է «որքան հնարավոր է շուտ» ԵՄ անդամ դառնալ։ «Բայց մենք իրատես ենք եւ հասկանում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք»:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը բարդացրել է Մոլդովայի ինտեգրումը ԵՄ-ին, սակայն բարեփոխումները մոտեցրել են Մոլդովային ԵՄ չափանիշներին։