Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն խոչընդոտի գործին, այն կհասնի Եվրոպական դատարան. Արծվիկ Մինասյանը՝ իրեն տուժող ճանաչելու մասին
Մենք անելու ենք ամեն ինչ, որ մեր քաղաքացիների նկատմամբ բռնություն եւ անօրինականություն գործադրածները ենթարկվեն պատասխանատվության: Այս մասին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Ես ներգրավվել եմ որպես տուժող: Երեկ առաջին հարցաքննություննս է եղել: Տվել եմ նույն ցուցմունքը, ինչ՝ բացատրության ժամանակ: Հաջորդ ցուցմունքի ժամանակ մենք դիտելու ենք տեսագրությունը եւ մատնացույց ենք անելու կոնկրետ անձանց, որոնք պետք է առերեսման հրավիրեն՝ բացատրություն տալու՝ սկզբում որպես վկա, ապա՝ կասկածյալ, այնուհետեւ որպես մեղադրյալ պետք է ներգրավվեն: Ես ամեն ինչ անելու եմ, որ պատասխանատվության ենթարկվեն: Խոսքը գնում է Հայկազ Ջոմարդյանի, չորրորդ վաշտի հրամանատարների, մի շարք կարմիր բերետավորների եւ մեկ պարետի մասին, որոնց հակաօրինական վարքագիծն ակնհայտ երեւում է այդ տեսագրության մեջ»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ տուժողի կարգավիճակն իրեն հնարավորություն է տալիս միջնորդություններ ներկայացնելու, պահանջներ առաջադրելու, այդ թվում նաեւ՝ այդ անձանց լիազորությունները կասեցնելու եւ քրեական պատասախանատվության ենթարկելու մասով:
«Եթե նախաքննական մարմինը, ի դեմս Հակակոուպցիոն կոմիտեի, որեւէ կերպ խոչընդոտի, այս գործը հասնելու է մինչեւ Եվրոպական դատարան: Ես հանգիստ չեմ տալու իրենց, ինչպես եւ հանգիստ չեն տալու մյուս գործընկերներս, որոնք իրենց մաշկի վրա զգացել են այդ բռնությունները, այլանդակությունները եւ անօրինակությունները: Մենք հետեւողական ենք լինելու նաեւ, որ մեր քաղաքացիներին բռնության ենթարկածները պատասխանատվություն կրեն: Որովհետեւ այդ բռնությունների հետեւանքով մեր մի շարք քաղաքացիներ բուժվում են տանը, հիվանդանոց, կալանավայրում: Ես համարում եմ, որ այդ ոստիկանները բորենիներ են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Գործում դեռեւս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ընթացքում՝ մայիսի 18-ին, Արծվիկ Մինասյանի նկատմամբ կարմիրբերետավորների կողմից բռնություն է կիրառվել։
Նշենք, որ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են շուրջ մեկ տասնյակ կարմիրբերետավորներ հարձակվում Արծվիկ Մինասյանի վրա եւ ուժ կիրառելով՝ նստեցնում ոստիկանական մեքենան, ապա դուրս է բերում նրան մեքենայից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։