Իլհամ Ալիեւը և Կարեն Դոնֆրիդը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդին։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ «հանդիպման ընթացքում նշվել է մեր հարաբերությունների լայն օրակարգը, քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության, տարածաշրջանի անվտանգության, հետկոնֆլիկտային շրջանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ այլ հարցեր»։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է Հարավային Կովկասը որպես համագործակցության տարածաշրջան տեսնել, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ընդգծել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ եւ Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում իրեն ուղղված նամակներում, ինչպես նաեւ Ջոզեֆ Բայդենին ուղղված իր նամակում նշված հարցերի կարեւորությունը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել համագործակցության հեռանկարների շուրջ, գրում է պարբերականը: