Իշխանությունը երազում է, որ մենք վերադառնանք ԱԺ. ԱԺ-ում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով. Վարդևանյան
Մենք նման ենք մարդկանց, որ հիմա Ազգային ժողովո՞ւմ են, կարծում եմ՝ չէ. Մենք հստակ հայտարարել ենք՝ ԱԺ-ում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«ԱԺ-ում մեզ չեք տեսնելու ՔՊ-ական օրակարգով, որը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ առնչություն չունի։ Հունիսի 3-ին մենք մեր օրակարգով Ազգային ժողովում էինք, դուք մեզ տեսաք, բայց ՔՊ-ին չտեսաք», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունը երազում է, որ իրենք վերադառնան խորհրդարան:
Նա հայտարարեց, թե ընդդիմության ակցիաները լինելու են, հանրահավաքները լինելու են, այդ մասով որևէ փոփոխություն չի լինելու. «Անհնազանդության ակցիաներ էլ կլինեն։ Որևէ բան մեր գործողություններում չի փոխվելու։ Այսօր շատ հետաքրքիր ակցիա ենք ունենալու»։
Անդրադառնալով իմպիչմենթի վերաբերյալ հարցին՝ Վարդևանյանն ասաց, թե ցանկացած ողջամիտ իշխանություն նման հանրային բողոքի պայմաններում հրաժարական է տալիս. «Այս իշխանությունները, քանի որ ժողովրդավարության հետ առնչություն չունեն, այլ ոճի են։ Դա ավելի սրվեց հունիսի 3-ի իրադարձությունների ժամանակ, երբ ժողովրդավարական իշխանությունը 5 հատ նռնակ գցեց ժողովրդի վրա։ Բայց մենք խաղաղ ճանապարհով հասնելու ենք «առանց Նիկոլ Հայաստան» իրավիճակի, թող մեր հայրենակիցները վստահ լինեն դրանում։ Իմպիչմենթը Փաշինյանին խաղաղ ճանապարհով հեռացնելու գործիքներից մեկն է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։